Ադրբեջանի Զինված ուժերը Նախիջևանում երկկողմանի հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացրել, հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
Ըստ նրանց՝ վարժանքներին մասնակցել են մեքենայացված, տանկային, հրետանային ստորաբաժանումներ, հակաօդային պաշտպանության ուժեր, ռազմաօդային ուժեր և առանձին համակցված բանակի հատուկ նշանակության ջոկատներ։ Նշվում է, որ զորավարժությունների շրջանակում բարձր մարտական պատրաստության վիճակի են բերվել համակցված զինատեսակները, ենթակա և օժանդակ ստորաբաժանումները։
Նաև զորավարժությունների ընթացքում հատուկ նշանակության ստորաբաժանումները «գրոհել են պայմանական հակառակորդի պաշտպանության առաջնագծում գտնվող մարտական դիրքերը և նրա հրամանատարական ու կառավարման կետերը»։ Այնուհետև նրանք «մատակարարման ճանապարհին ոչնչացրել են պայմանական հակառակորդի պաշարները»։