Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն հայտնել է Բաքվի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու և Հայաստանի կողմից իրավիճակը սրելու փորձերի մասին Ադրբեջանի կեղծ զեկույցների թեմայով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ քննարկման մասին։
«Մենք խոսեցինք Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, որն այսօր Ադրբեջանի կողմից կասկածի տակ է դրվում։ Եվ ասեմ, թե որքան անհանգստացած ենք՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանի հռետորաբանությունը դուրս է գալիս վերահսկողությունից, և մենք տեսնում ենք, որ Բաքվից է՛լ ավելի ու ավելի շատ կեղծ լուրեր են դուրս գալիս, և նրանք հակված են Հայաստանին մեղադրել էսկալացիայի համար՝ չնայած այն փաստին, որ Հայաստանը տարածաշրջանում, թերևս, միակ երկիրն է, որը ցանկանում է և փորձում է խուսափել (պատերազմից-խմբ․)»,- ասել է Սեժուրնեն։
Նա Հայաստանի դեմ ադրբեջանական նմանատիպ քարոզչությունը համեմատել է Ուկրաինայի հասցեին Ռուսաստանի մեղադրանքների հետ և Բլինքենին կոչ արել «հատուկ ուշադրություն դարձնել» խնդրին։
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հայտարարություններն «անհիմն» է անվանել: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Ֆրանսիայի նպատակն է «ակնհայտ լարվածություն ստեղծել տարածաշրջանում և խոչընդոտել խաղաղության գործընթացին»։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ին, Կութի (Գեղարքունիքի մարզ), ապրիլի 2-ին՝ ժամը 00:40-ին, Տեղի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Գերատեսչությունը նաև ապատեղեկատվություն էր անվանել երկու երկրների սահմանին զորքերի կուտակումների մասին Բաքվի ապրիլի 1-ի հայտարարությունը։
Մանրամասները՝ տեսանյութում: