ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճը «ոչ մի արդարացում» չունի, հայտնում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Բլինքենը և Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջմղման կարևորությունը, որը «տնտեսական օգուտ կբերի ողջ տարածաշրջանին»։
«Պետքարտուղարն ընդգծել է, որ սահմանային լարվածության աճն արդարացում չունի և զգուշացրել է, որ ցանկացած կողմից ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունը կխաթարեն խաղաղության հեռանկարները։ Պետքարտուղարը վերահաստատել է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ կապված իր միջազգային պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը և կոչ է արել ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին»,- ասված է հայտարարության մեջ։
Բլինքենը նաև ընդգծել է ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների կարևորությունը և կարևորել գործընկերային նախաձեռնությունների աճը՝ ներառյալ էներգետիկ և կլիմայական առաջնահերթությունները։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի նախագահի մամուլի ծառայությանը, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած զրույցի ընթացքում Բլինքենը «նշել է, թե տեղեկություն է ստացել, ըստ որի Ադրբեջանը մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք ԱՄՆ-ԵՄ-Հայաստան եռակողմ հանդիպման կապակցությամբ»: Ըստ Բաքվի՝ պետքարտուղարն ընդգծել է, որ հանդիպման հիմնական նպատակը Հայաստանի տնտեսական զարգացմանն առնչվող հարցերի քննարկումն է, և որ ապրիլի 5-ի հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ։
Ալիևը նշել է, որ իրեն հասած տեղեկությունների համաձայն՝ հանդիպման նախապատրաստման ընթացքում քննարկվելու են նաև Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ հարցեր։ Ալիևի խոսքով՝ նման քայլերը «նպաստում են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին և կհանգեցնեն սադրանքների», իսկ հանդիպման «ոչ թափանցիկ նախապատրաստումը, ոչ ներառական բնույթը» կհանգեցնի տարածաշրջանում լարվածության աճին։
Ըստ մամուլի ծառայության՝ Ալիևն ասել է, որ Բաքուն հավատարիմ է 2022 թվականին Պրահայում կայացած հանդիպումից հետո ընդունված հայտարարությանը և Ալմա-Աթայի հռչակագրին։ «Ալիևը նաև հայտարարել է, որ Արևմուտքում հնչող Հայաստանի վրա հարձակվելու ծրագրերի մասին Ադրբեջանին ուղղված մեղադրանքները լիովին անհիմն են»,- ասվում է զեկույցում։
Մարտի 27-ին Հայաստանի ԱԳՆ-ն վստահեցրել էր, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի ղեկավարների հետ Հայաստանի վարչապետի առաջիկա հանդիպումը ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ։ Ավելի ուշ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երկու անգամ հայտարարել էր երկու երկրի սահմանին հայկական զինված ուժերի ենթադրյալ կուտակումների մասին։ ՀՀ պաշտպանության նախարարությունը մարտի 31-ին և ապրիլի 1-ին հերքել էր այս հայտարարությունները։ Ապրիլի 2-ին գերատեսչությունը հայտնել էր ադրբեջանական զինուժի կողմից Գեղարքունիքի մարզի Կութ և Սյունիքի մարզի Տեղ գյուղերի հայկական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին։