Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ապրիլի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը «հող կստեղծի Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական հակամարտության տարածաշրջանի վերածելու համար»:
Գերատեսչությունում կարծում են, որ երրորդ կողմերը, հատկապես ոչ տարածաշրջանային դերակատարները, պետք է «արդար և անաչառ մոտենան գործընթացին և զգուշորեն խուսափեն գործընթացին վնաս պատճառելուց»:
«Ապրիլի 5-ին նախատեսված Հայաստան, ԵՄ և ԱՄՆ եռակողմ հանդիպումը կվնասի չեզոքությանը, որը պետք է հիմք ընդունվի տարածաշրջանում բարդ խնդիրների լուծման համար: Ադրբեջանին բացառող այս նախաձեռնությունը խաղաղությանը ծառայելու փոխարեն հող կստեղծի Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական հակամարտության գոտու վերածելու համար»,- նշվում է հայտարարության մեջ։
Անկարան երրորդ երկրներին կոչ է անում «գործընթացի համատեքստում իրենց ձեռնարկած քայլերում դիտարկել տարածաշրջանի պարամետրերը և հավասարապես վերաբերվել երկու կողմերին»։
Ադրբեջանի ԱԳՆ-ն, մեկնաբանելով հանդիպման պլանները, կոչ էր արել ԵՄ-ին և ԱՄՆ-ին զերծ մնալ քայլերից, որոնք «կարող են հանգեցնել հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը»։ Հայաստանի ԱԳՆ-ն մարտի 27-ին հայտարարել էր, որ Փաշինյանի, ֆոն դեր Լայենի և Բլինքենի առաջիկա հանդիպումն ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ։