Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ ֆոն դեր Լայենի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ալիևը «հայտնել է ադրբեջանական կողմի դիրքորոշումն այս հանդիպման վերաբերյալ և նշել տարածաշրջանային ներառականության կարևորությունը»։ Կողմերը քննարկել են նաև ԵՄ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության զարգացման հեռանկարները, մասնավորապես, նշվել են էներգիայի վերականգնվող աղբյուրները, տրանսպորտային կապերը, էներգետիկ անվտանգությունը և համագործակցության այլ ոլորտներ։
Ֆոն դեր Լայենն ու Ալիևն ընդգծել են 2022 թվականին Բրյուսելի և Բաքվի միջև ստորագրված էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի կարևորությունը։
Ինչպես X-ի իր էջում հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավարը, զրույցի ընթացքում կողմերը քննարկել են «ԵՄ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունները՝ կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի շրջանակներում»։ Ֆոն դեր Լայենի խոսքով՝ ԵՄ-ն պատրաստ է ակտիվացնել ականազերծման գործողություններին աջակցելու գործողությունները։ «Մենք նաև քննարկել ենք, թե ինչպես հաջողել COP29-ը Բաքվում»,- հավելել է ԵՀ ղեկավարը։
Ապրիլի 3-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահի հետ։ Պետքարտուղարության ղեկավարը, մասնավորապես, Ալիևին ասել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճը «ոչ մի արդարացում» չունի։