Բրյուսելում եռակողմ հանդիպումից առաջ հայկական կողմը ԵՄ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներին փաստաթղթեր է փոխանցել Ադրբեջանի կողմից ռազմական տեխնիկայի գնումների ինտենսիվության վերաբերյալ, հայտնում է Politico-ն:
Նշվում է, որ Ադրբեջանը ռազմամթերքը գնել է Իսրայելից և Պակիստանից:
«Հայաստանը պնդում է, որ իր հարևանը տարեսկզբից ստացել է օրական միջինը մեկից ավելի զենք, իսկ սեպտեմբերին Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղը գրավելու համար, ինչը հանգեցրել է 100,000 էթնիկ հայերի զանգվածային արտագաղթին»,- մանրամասնում է ամերիկյան քաղաքական պարբերականը:
Անդրադառնալով ձեռք բերված պայմանավորվածություններին՝ թերթը նշում է, որ Եվրամիությունը համաձայնեցրել է շրջադարձային ծրագիր, որը «կօգնի Հայաստանին դուրս բերել Ռուսաստանի ուղեծրից և աջակցել նրա տնտեսությանը տարածաշրջանում աճող լարվածության պայմաններում»:
Ապրիլի 5-ին Բրյուսելում կայացել էր Հայաստանի վարչապետի հանդիպումը Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ։ Նույն օրը ադրբեջանական զինուժը կրակել էր Տավուշի և Գեղարքունիքի հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը նաև հայտնել էր, որ ադրբեջանական զինուժը ապրիլի 1-ին կրակ էր բացել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի, իսկ ապրիլի 2-ին՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի տարածքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։