Իրանը դեմ է Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական մրցակցության ասպարեզի վերածելուն, հայտարարել է երկրի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին՝ մեկնաբանելով Հայաստան-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպումը։
Ինչպես հայտնում է IRNA-ն, Քանանին ընդգծել է տարածաշրջանային համագործակցության կարևորությունը՝ Կովկասում խաղաղության և կայունության հաստատման համար:
Նրա խոսքով՝ տնտեսական համագործակցության ամրապնդումն ու կապերի ընդլայնումն արդյունավետ դեր են խաղում տարածաշրջանում խաղաղության, կայունության և տնտեսական զարգացման հաստատման գործում։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է նաև տարածաշրջանային ներուժի, այդ թվում՝ «3+3» խորհրդատվական մեխանիզմի օգտագործման անհրաժեշտությունը՝ չլուծված վեճերը լուծելու համար։
Ապրիլի 6-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ Երևանն ու Թեհրանը մշտական կապի մեջ են, և կողմերի միջև թյուրիմացություն չկա։ Նա ընդգծել էր, որ հայկական կողմն Իրանից որևէ բացասական արձագանք չի լսել ապրիլի 5-ի հանդիպման վերաբերյալ։
Ապրիլի 5-ին Բրյուսելում կայացել էր Հայաստանի վարչապետի հանդիպումը Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ։ Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտնել էր, որ Եվրամիությունը 270 մլն եվրո կհատկացնի Հայաստանի զարգացման համար առաջիկա չորս տարում, Բլինքենն, իր հերթին, հայտարարել էր Հայաստանին 65 մլն դոլարի չափով օգնություն տրամադրելու ԱՄՆ պատրաստակամության մասին։