Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովը պաշտպանել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, հայտնում է «Սպուտնիկ Գրուզիան»։
Հրապարակման համաձայն՝ օրինագիծը, որն ընդունվել է 12 ժամ տևած քննարկումներից հետո, պարտավորեցնում է օտարերկրյա ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին գրանցվել հատուկ գրանցամատյանում և լրացնել տարեկան հայտարարագրերը։
Նշվում է, որ օրինագծին դեմ են առաջատար ընդդիմադիր կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները, արևմտյան երկրները ևս Վրաստանի իշխանություններին կոչ են արել հրաժարվել այս օրինագծից։
Միաժամանակ՝ խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույց է տեղի ունեցել օրինագծի ընդունման դեմ։ Հաղորդվել է, որ բերման է ենթարկվել 14 ցուցարար։
Հրատարակության համաձայն՝ ապրիլի 15-ի ուշ երեկոյան Թբիլիսիում ցուցարարներն սկսել են ցրվել, միևնույն ժամանակ որոշ ակտիվիստներ մտադիր են գիշերել Ռուսթավելի պողոտայում։ Ցուցարարները նախատեսում են հանրահավաքը վերսկսել ապրիլի 16-ի առավոտյան, երբ օրինագիծը կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում։
«Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» օրինագիծն առաջին անգամ ընդունվել էր 2023 թվականի մարտին։ Նախագծի ընդունումից հետո Վրաստանում բողոքի ցույցեր էին սկսվել, ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ էր կիրառել ցուցարարներին ցրելու համար։ Մարտի 9-ին Վրաստանի իշխանությունները հայտարարել էին օրինագիծը հետ կանչելու մասին։