Փարիզը որոշել է հետ կանչել Ադրբեջանում իր դեսպանին խորհրդակցությունների համար, հայտնել են Ֆրանսիայի ԱԳՆ-ից։ Գերատեսչության տվյալներով՝ այս որոշումն ընդունվել է «վերջին ամիսներին Ադրբեջանի կողմից շարունակվող միակողմանի գործողությունների համար, որոնք վնասում են երկու երկրների հարաբերություններին»։
Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անձամբ է ընդունել Բաքվում Ֆրանսիայի դեսպանին։ Մակրոնն ափսոսանք է հայտնել Ադրբեջանի գործողությունների համար, ինչպես նաև ցանկություն է հայտնել, որ ադրբեջանական կողմը հստակեցնի իր մտադրությունները։
«Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ միաժամանակ հարգելով միջազգային իրավունքը և երկու երկրների տարածքային ամբողջականությունը։ Այս կարգավորումն օգուտ կբերի երկու երկրներին և ողջ տարածաշրջանին»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
Նախկինում Ադրբեջանը բազմիցս քննադատել էր Փարիզի և Երևանի համագործակցությունը։ 2023 թվականի դեկտեմբերին Ֆրանսիայի ԱԳՆ-ն երկրում Ադրբեջանի դեսպանատան երկու աշխատակցի պերսոնա նոն գրատա էր հայտարարել։ Այս որոշումը կայացվել էր ի պատասխան Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի նկատմամբ Բաքվի նման քայլի։ Լրատվամիջոցները հայտնել էին նաև, որ ֆրանսիական հակահետախուզությունը բացահայտել էր ադրբեջանական հետախուզական ծառայություններին մոտ կանգնած ադրբեջանցի երկու «լրագրողի»: