Նախիջևանում Ադրբեջանի զինված ուժերն ավիացիոն զորավարժություններ են անցկացրել, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության՝ Նախիջևանում տեղակայված առանձին համակցված բանակի ռազմաօդային ուժերում հատուկ մարտավարական զորավարժությունների ընթացքում բանակի ավիացիայի և հակաօդային պաշտպանության կազմավորումներն ու ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության թիվ 1 աստիճաանի, ինչպես նաև Մի-17 ուղղաթիռների անձնակազմերն օդային հարվածներ են հասցրել ցամաքային թիրախներին:
Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում հրամանատարներն ու մարտական անձնակազմերն «իրական մարտական պայմաններում մշակել են տուժած տարածք թիրախների հաջորդական մուտքի կարգի և ժամանակային ընդմիջումների հաշվարկման մեթոդներ, ինտենսիվ ակտիվության պայմաններում գործող սիմուլյացված օդային թշնամու ոչնչացում և տարբեր բարձրությունների վրա պասիվ խոչընդոտների հաղթահարում»։
Կիրառվել է նաև տեղակայման կետերի և դիրքերի պաշտպանություն՝ մինի և միկրո անօդաչու թռչող սարքերից։
Մարտի սկզբին Ադրբեջանի զինված ուժերը Նախիջևանում անցկացրել էին երկկողմանի հրամանատարաշտաբային զորավարժություններ, որոնց մասնակցել են մեքենայացված, տանկային, հրետանային ստորաբաժանումները, հակաօդային պաշտպանության ուժերը, ռազմաօդային ուժերը և երկրի ԶՈւ առանձին համակցված բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները։