Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի բացառում, որ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ «Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ՝ հաշվի առնելով Վրաստանին մատակարարվող գազի արտոնյալ գինը»։
Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները շատ կարևոր են, և «ենթակառուցվածքների տեսանկյունից՝ համագործակցությունը բնական կլինի»։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը դիտարկվել է ոչ միայն որպես երկաթուղային կամ ավտոմոբիլային հաղորդակցության միջոց, այլև որպես հաղորդակցության գծերի անցկացման պոտենցիալ երթուղի»։
«Դա կարող է նույնիսկ գազատար լինել»,- ասել է Ալիևը։
Նա հայտնել է, որ «Ադրբեջանն Իրանի հետ Նախիջևանին բնական գազ մատակարարելու պայմանավորվածություն ունի»։ Նշել է, որ «Բաքուն ֆինանսավորում է ևս մեկ խողովակաշարի կառուցում, որն ադրբեջանական գազը Թուրքիայից կմատակարարի Նախիջևան։ Բայց, նրա խոսքով, «դա նման է աջ ձեռքով ձախ ականջին դիպչելուն, և եթե գազատարը գնա Հայաստանի տարածքով, ապա շահավետ կլինի բոլորի համար, թույլ կտա տնտեսել շատ միջոցներ»։