Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում հայտարարել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման գործընթացի մեկնարկի մասին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ալիևի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ նա «կարևոր քայլ» է համարել այն, որ «սահմանի սահմանազատումից հետո Ադրբեջանն ու Հայաստանը սկսել են սահմանագծման գործընթացը»։ Ալիևը նաև ասել է, որ Ղազախստանի առաջարկի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները շուտով հանդիպում կունենան Ալմաթիում՝ շարունակելու բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ։
Պետդեպարտամենտի մամուլի ծառայության հաղորդմամբ, զրույցի ընթացքում Բլինքենը ողջունել է անցած շաբաթ Ալիևի արած հայտարարությունը, ըստ որի Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են օգտագործել 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք։ Բլինքենը Ալիևին կոչ է արել շարունակել երկխոսությունը հայ գործընկերոջ հետ՝ վերահաստատելով ԱՄՆ-ի պատրաստակամությունն աջակցելու այդ ջանքերին։
Պետքարտուղարության ղեկավարն ընդգծել է Վաշինգտոնի հանձնառությունն «ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ամուր երկկողմ հարաբերություններին»՝ նշելով ԱՄՆ ջանքերը՝ համագործակցելու էներգետիկ, կլիմայի և հաղորդակցության ընդհանուր նպատակների շուրջ և ապահովելու Բաքվում COP 29-ի հաջողությունը:
Նշվում է, որ Բլինքենը ողջունել է նախկինում ձերբակալված ադրբեջանցի ակտիվիստ Գուբադ Իբադօղլուին տնային կալանքի տեղափոխելը և կոչ է արել նրան լիովին և շուտափույթ ազատ արձակել։ Պետքարտուղարը կրկին կոչ է արել Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին և ազատ արձակել «Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին»։
Ավելի վաղ Բլինքենը հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կողմերը քննարկել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացը, հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգը, ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած հանդիպումը, ինչպես նաև Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացի հարցեր։