Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ պաշտպանել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։ Քվեարկությունն ուղիղ հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։ Օրինագծին կողմ է քվեարկել 83, դեմ՝ 23 պատգամավոր։
Նշվում է, որ այն երկրորդ ընթերցմամբ քննարկվում է երեքշաբթի օրվանից։ Պատգամավորների միջև թեժ բանավեճեր են տեղի ունեցել։ Կանոնակարգը խախտելու համար խորհրդարանի նախագահն ստիպված է եղել հեռացնել չորս ընդդիմադիր պատգամավորի։
Ըստ ընթացակարգի՝ օրինագիծն այնուհետ պետք է անցնի վերջնական՝ երրորդ ընթերցման։ Եթե նախագիծն այդ ժամանակ աջակցություն ստանա, այն կուղարկվի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ստորագրության։ Երկրի ղեկավարն արդեն հայտարարել է, որ վետո է դնելու օրենքի վրա։ Այս դեպքում խորհրդարանն ստիպված կլինի սկսել վետոն վերացնելու ընթացակարգ: Դրա համար անհրաժեշտ է 150 պատգամավորից առնվազն 76-ի համաձայնությունը: Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունն այս պահին խորհրդարանում ունի 84 տեղ:
Օրինագծի քննարկմանը զուգահեռ՝ տեղի էին ունեցել ակցիաներ, որոնց ընթացքում Վրաստանի ՆԳՆ հատուկջոկատայիններն արցունքաբեր գազ էին կիրառել Թբիլիսիում։
Ապրիլի 17-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն էր տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին, որին դեմ էին արտահայտվել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները՝ այն համարելով խոչընդոտ՝ Եվրամիության ինտեգրման գործընթացին։ Ապրիլի 15-ից ընդդիմությունը և քաղաքացիական ակտիվիստները Թբիլիսիում ցույցեր են անցկացնում օրինագծի դեմ։ Օրենքը պարտավորեցնում է օտարերկրյա ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին գրանցվել հատուկ գրանցամատյանում և լրացնել տարեկան հայտարարագրեր։ Նախագիծը երեք ընթերցմամբ ընդունելուց հետո միայն կուղարկվի Վրաստանի նախագահին՝ ստորագրման։ Ապրիլի 15-ին Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովը պաշտպանել էր օրինագիծը։