Իրանի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռի կործանման հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրա գլխավորած պատվիրակության զոհվելուց հետո Իրանի առաջին փոխնախագահ Մոհամեդ Մոհբերը ժամանակավորապես կկատարի նախագահի պարտականությունները, հայտնում է Presstv-ն։
Ըստ Իրանի Սահմանադրության՝ առաջին փոխնախագահը գործող նախագահի մահվան կամ ծանր հիվանդության դեպքում 50 օր ժամկետով կատարում է նախագահի պարտականությունները։
Մոհբերը 2021 թվականից զբաղեցնում է Ռայիսիի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը։
Ուղղաթիռի վթարը տեղի էր ունեցել մայիսի 19-ին՝ Արևելյան Ադրբեջան նահանգի լեռներում՝ Ջուլֆա քաղաքից ոչ հեռու, Թեհրանից մոտ 600 կմ հյուսիս-արևմուտք: Մայիսի 20-ին Իրանի կառավարությունը հաստատել էր ուղղաթիռի վթարի հետևանքով Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության, այդ թվում՝ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի,Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատի և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմի զոհվելու լուրը։ Ռայիսին վերադառնում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից, որի հետ մայիսի 19-ին մասնակցել էր «Խոդաֆերին» հիդրոէլեկտրակայանի շահագործման և «Գիզ գալասի» ՀԷԿ-ի բացման արարողությանը։