Իրանի Թավրիզ քաղաքի մզկիթներից մեկի իմամ Սայեդ Մոհամմադ Ալի ալ-Հաշեմը ողջ էր Իրանի նախագահի ուղղաթիռի կործանումից մեկ ժամ անց և նույնիսկ կարողացել է զանգահարել նախագահի աշխատակազմի ղեկավարին, հայտնել է «ՌԲԿ»-ն՝ հղում անելով IMNA-ին։ Նրա մարմինն ավելի լավ է պահպանվել, քան մյուս յոթ զոհերինը։
«Այաթոլլահ ալ-Հաշեմի՝ Թավրիզի իմամի մարմինը ֆիզիկական ավելի լավ վիճակում էր, քան մյուս զոհերինը և ամենաքիչն էր այրվել, ուստի ավիավթարից հետո նա ապրել է ևս մեկ ժամ և նույնիսկ հեռախոսով շփվել նախագահի աշխատակազմի ղեկավար Ղոլամ Հոսեյն Էսմայիլիի հետ»,- հայտնել է Իրանի Ճգնաժամային կառավարման պետական կազմակերպության ղեկավար Մոհամմադ Հասան Նամին։
Մյուս զոհերի՝ այդ թվում՝ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալեք Ռահմատիի, ինչպես նաև նախագահի անվտանգության աշխատակիցների և անձնակազմի անդամների մարմիններն այրվել են, բայց նրանց ինքնությունը հնարավոր է եղել ճանաչել առանց ԴՆԹ թեստի։ Ընդհանուր առմամբ՝ զոհվել է ութ մարդ։
Իրանի հյուսիս-արևմուտքում նախագահին և ուղեկցող պատվիրակությանը տեղափոխող ուղղաթիռի վթարը տեղի էր ունեցել մայիսի 19-ին՝ Արևելյան Ադրբեջան նահանգի լեռներում՝ Ջուլֆա քաղաքից ոչ հեռու, Թեհրանից մոտ 600 կմ հյուսիս-արևմուտք: Մայիսի 20-ին Իրանի կառավարությունը հաստատել էր ուղղաթիռի վթարի հետևանքով Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության, այդ թվում՝ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի, Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատիի և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի ալ-Հաշեմի զոհվելու լուրը։ Ռայիսին վերադառնում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից, որի հետ մայիսի 19-ին մասնակցել էր «Խոդաֆերին» հիդրոէլեկտրակայանի շահագործման և «Գիզ գալասի» ՀԷԿ-ի բացման արարողությանը։
Իրանի նախագահի զոհվելուց հետո առաջին փոխնախագահ Մոհամեդ Մոհբերը ժամանակավորապես կկատարի նախագահի պարտականությունները։ Ըստ Իրանի Սահմանադրության՝ առաջին փոխնախագահը գործող նախագահի մահվան կամ ծանր հիվանդության դեպքում 50 օր ժամկետով կատարում է նախագահի պարտականությունները։