Թավրիզում տեղի է ունենում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների հրաժեշտի արարողությունը, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Reuters-ն ուղիղ հեռարձակում է արարողությունը։
Զոհվածների հուղարկավորության արարողությունը տեղի կունենա մայիսի 23-ի երեկոյան՝ Իրանի նախագահի հայրենի Մաշհադ քաղաքում՝ երկրի հյուսիս-արևելքում։ Մահացածներին կհուղարկավորեն Իմամ Ռեզա դամբարանում։
Իրանի հյուսիս-արևմուտքում նախագահին և ուղեկցող պատվիրակությանը տեղափոխող ուղղաթիռի վթարը տեղի էր ունեցել մայիսի 19-ին՝ Արևելյան Ադրբեջան նահանգի լեռներում՝ Ջուլֆա քաղաքից ոչ հեռու, Թեհրանից մոտ 600 կմ հյուսիս-արևմուտք: Մայիսի 20-ին Իրանի կառավարությունը հաստատել էր ուղղաթիռի վթարի հետևանքով Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության, այդ թվում՝ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի, Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատիի և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի ալ-Հաշեմի զոհվելու լուրը։ Ռայիսին վերադառնում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից, որի հետ մայիսի 19-ին մասնակցել էր «Խոդաֆերին» հիդրոէլեկտրակայանի շահագործման և «Գիզ գալասի» ՀԷԿ-ի բացման արարողությանը։
Իրանի նախագահի զոհվելուց հետո առաջին փոխնախագահ Մոհամեդ Մոհբերը ժամանակավորապես կկատարի նախագահի պարտականությունները։ Ըստ Իրանի Սահմանադրության՝ առաջին փոխնախագահը գործող նախագահի մահվան կամ ծանր հիվանդության դեպքում 50 օր ժամկետով կատարում է նախագահի պարտականությունները։