Վրաստանի խորհրդարանը շրջանցել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա դրված նախագահի վետոն, հայտնում է «Սպուտնիկ Գրուզիան»։
Օրինագծին կողմ է քվեարկել 84, դեմ՝ 4 պատգամավոր։
Օրենքն ուժի մեջ կմտնի «Օրենսդրական տեղեկագիր» կայքում հրապարակվելու հաջորդ օրը։ Մինչ այդ Վրաստանի նախագահը պետք է ստորագրի այն, իսկ եթե հրաժարվի, օրենքը կստորագրի խորհրդարանի նախագահը։
Մայիսի 18-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո էր դրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա։
Վրաստանի խորհրդարանն օրինագիծը երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել էր մայիսի 14-ին։ Օրինագծի դեմ բողոքի ակցիաները Վրաստանում շարունակվում են ապրիլի 15-ից։
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծն առաջին անգամ ընդունվել էր 2023 թվականի մարտին։ Նախագծի ընդունումից հետո Վրաստանում բողոքի ցույցեր էին սկսվել, ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ էր կիրառել ցուցարարներին ցրելու համար։ Մարտի 9-ին Վրաստանի իշխանությունները հայտարարել էին օրինագիծը հետ կանչելու մասին։