Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է Բաքվում նոյեմբերին նախատեսվող COP29 կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի գագաթնաժողովից հետո ՀՀ դեմ նոր ագրեսիա սկսելու Ադրբեջանի մտադրության մասին։ Այսպես է ԱԳՆ-ն արձագանքել տարածաշրջանում նոր պատերազմի մասին Բաքվի սպառնալիքներին՝ Երևանին CAESAR ինքնագնաց հրետանային համակարգեր վաճառելու մասին Փարիզի հայտարարությունից հետո։
Պաշտոնական Բաքվի արձագանքը Հայաստանի և Ֆրանսիայի ռազմատեխնիկական համագործակցությանը տարակուսանք է առաջացրել Երևանում, ասվում է զեկույցում։ Գերատեսչությունում նշել են, որ յուրաքանչյուր երկիր ունի ժամանակակից ռազմական տեխնիկայով զինված մարտունակ բանակ ունենալու ինքնիշխան իրավունք։
«Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը՝ 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար»,- ասված է հաղորդագրությունում։
Հայաստանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Երևանը ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը և հիշեցրել, որ Բաքվի հետ ամենաբարձր մակարդակով պայմանավորվել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։
«Հայաստանը հավատարիմ է այս սկզբունքին և միջազգայնորեն ճանաչված իր 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս հավակնություններ չունի: Հայաստանի Հանրապետությունն այս մոտեցումը գործնականում ապացուցել է ՀՀ Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի չորս գյուղի շրջանում սահմանազատում իրականացնելու նախաձեռնությամբ»,- հավելել են գերատեսչությունում։
Հայաստանի արտգործնախարարությունը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ Բաքուն չի արձագանքել առաջիկա մեկ ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիր կնքելու Երևանի առաջարկին։
Երեկ՝ հունիսի 18-ին, Ադրբեջանի ՊՆ-ն Ֆրանսիային մեղադրել էր Հարավային Կովկասում իրավիճակը սրելու փորձի մեջ։
2023 թվականի հոկտեմբերին Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական համագործակցության փաստաթղթեր էին ստորագրել և պաշտպանական համալիրների մատակարարման պայմանավորվածություն էին ձեռք բերել։ 2023-ի դեկտեմբերին Ֆրանսիայի Սենատի կոմիտեն երկրի իշխանություններին խորհուրդ էր տվել դիտարկել Հայաստանին CAESAR հրետանային կայանքների մատակարարման հարցը։ Հայտարարել էին նաև «Միստրալ» հրթիռների մատակարարման շուրջ բանակցություններ մասին։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 21-ին հայտարարել էր, որ Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության շրջանակներում Հայաստանի խնդիրը տարածաշրջանում «ճիշտ բալանս» ձևավորելն է: 2024-ի փետրվարին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել էր, որ Ֆրանսիան Հայաստանում ռազմական խորհրդատու կունենա։