Հայաստանի հետ սահմանների սահմանազատման ուղղությամ աշխատանքները շարունակվում են, առաջիկայում ականատես կլինենք դրական քայլերի, իր վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Խոսելով խաղաղության պայմանագրի մասին՝ Բայրամովն ընդգծել է, որ այստեղ ևս նկատվում են դրական տեղաշարժեր։
«Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն նվազել է։ Պայմանագրի տեքստում կա զգալի առաջընթաց։ Վերջին ամիսներին մենք ականատես եղանք մի շարք դրական զարգացումների։ Դրանց թվում է հայ-ադրբեջանական սահմանի մի մասի սահմանազատման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելը և արձանագրության ստորագրումը»,- ասել է նա։
Բայրամովը հավելել է, որ ՀՀ սահմանադրության մեջ, սակայն, դեռևս մնում են «տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, ինչը գործընթացի ավարտի ամենամեծ խոչընդոտն է հանդիսանում»։
Նշվում է, որ Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև եռակողմ համագործակցության ձևաչափը։
Հունիսի 26-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն խաղաղության պայմանագրի առաջարկությունների 10-րդ փաթեթն է ստացել Ադրբեջանից։ «Գործընթացը բավականին դինամիկ է, երբեմն առաջընթաց կա, երբեմն` ոչ։ Մենք աշխատում ենք»,- ասել էր Գրիգորյանը։
Հունիսի 4-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Երևանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի վերջին առաջարկներին՝ ուղարկելով լրամշակված 9-րդ խմբագրությունը։ Հունիսի 5-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների հերթական փաթեթը։
Հունիսի 7-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ պատրաստ է ինտենսիվ աշխատել համաձայնագրով չլուծված հարցերի պարզաբանման և մեկ ամսվա ընթացքում այն ստորագրելու ուղղությամբ։ Հունիսի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն առանց Հայաստանի սահմանադրության փոփոխության «անհնար էր» անվանել։