Հայատանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծումն արդյունավետ կլինի ողջ տարածաշրջանի համար և կունենա նաև տնտեսական օգուտներ, Բաքվում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի համագործակցությունը կբարելավի հարևանների հետ համագործակցությունն անվտանգության ոլորտում, և՛ տնտեսական հնարավորություններ կստեղծի հիմնական տարանցիկ երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի համար:
Օ’Բրայենը նշել է, որ Միջին միջանցքը շատ կարևոր քայլ է ողջ տարածաշրջանի համար։ Ըստ նրա՝ Կենտրոնական Ասիայի երկրներն իրենց արտադրանքը միջազգային շուկա են արտահանում Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով, իսկ հիմա նրանք հնարավորություն ունեն արտահանել Կասպից ծովով։
«Այս ճանապարհը կարող է անցնել Վրաստանով, կամ մեծ հնարավորություն կա միջազգային շուկա դուրս գալու Հայաստանի և Թուրքիայի տարածքով։ Դա նաև կնվազեցնի տրանսպորտային ծախսերը և ապահով այլընտրանք կապահովի աշխարհաքաղաքական միջամտությանը։ Սա ԱՄՆ-ի քաղաքական ազդեցության նախագիծ չէ, դա տնտեսական զարգացման և տարածաշրջանի ժողովուրդների քաղաքական հզորացման նախագիծ է»,- ասել է նա:
Ամերիկացի դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ն տեսնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հնարավորություն։ Նա հավելել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնել։
«Կարծում եմ, որ ներկայիս վարչակազմերին հաջողվել է հաստատել լավ հաղորդակցություն և ամուր աշխատանքային հարաբերություններ»,- նշել է ամերիկացի պաշտոնյան:
Օ’Բրայենը «նշանակալի առաջընթաց» է որակել երկու երկրների միջև սահմանազատման հիմքը։ Նա կարևորել է վստահության ձևավորումը, որպեսզի կողմերը կարողանան արագ առաջ շարժվել։ «Արագ շարժվեք առաջ, բայց մի շտապեք, զգույշ եղեք»,- ասել է նա։
Օ’Բրայենը նաև մեկնաբանել է Հայաստանի կողմից Ֆրանսիայից զենք գնելու մասին լուրերը։ «Յուրաքանչյուր երկիր ունի ինքնապաշտպանության իրավունք։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը նույնպես աշխատում է այս ուղղությամբ»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Խոսելով ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օժանդակության կանոնադրական արգելքների՝ «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բաժնի պահանջների մասին, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականը նշել է, որ այս խոչընդոտը, այս փոփոխության դերը «խիստ ուռճացված է» և «որոշ հարցեր լուծվում են ճիշտ ժամանակին»։
«Մենք ուժեղ և արդյունավետ գործընկերություն ունենք Ադրբեջանի հետ շատ ոլորտներում, մենք ցանկանում ենք է՛լ ավելի ամրապնդել և ընդլայնել համագործակցության ոլորտները»,- ասել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանը դարձել է էներգետիկ դիվերսիֆիկացիայի ոլորտում առաջատար երկրներից մեկը։
Ադրբեջան կատարած այցի շրջանակներում ամերիկացի դիվանագետը բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։