Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովները հուլիսի 1-ի դրությամբ՝ աշխատանքային կարգով, միմյանց են փոխանցել համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծերը և անցկացրել մի շարք քննարկումներ, հայտնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Կառույցից նշում են, որ «բանակցությունները շարունակվում են կառուցողական հունով»:
«Նախատեսվում է առաջիկայում ավարտել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայնեցման գործընթացը»,- ասվում է գրասենյակի հաղորդագրության մեջ:
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։