Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աստանայում կայացած հանդիպման ժամանակ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ նրանց տեղեկությունների՝ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ միշտ պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջխաղացմանը։
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Պուտինը նշել է, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական ոլորտում հարաբերությունները դրական են զարգանում։
«Ավելի քան չորս միլիարդ ապրանքաշրջանառությունը և 4,3-4,5-ն Ադրբեջանի տնտեսությունում ռուսական ուղղակի ներդրումներն են։ Միտումը լավ է՝ առաջին կիսամյակում, իմ կարծիքով, արդեն կա 13 տոկոս աճ, ընդհանուր առմամբ՝ ամեն ինչ դրական է զարգանում»,- ասել է նա։
ՌԴ նախագահը նաև նշել է, որ կողմերը կքննարկեն ենթակառուցվածքների ոլորտում ծրագրերը։ «Ուզում եմ նշել ենթակառուցվածքների ոլորտում մեր ծրագրերը և, իհարկե, այստեղ առաջին տեղում է հայտնի Հյուսիս-հարավ մայրուղին։ Հուսով եմ՝ մենք նույնպես մի քանի խոսք կասենք այս մասին։ Հնարավորություններ կան այլ ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի և արդյունաբերական համագործակցության»,- նշել է նա։
Իր հերթին՝ Ադրբեջանի նախագահն ասել է, որ Բաքուն հաստատակամ է իր տարածքում ընդլայնել Հյուսիս-հարավ միջանցքի ենթակառուցվածքները։
«Ես և դուք անցյալ անգամ Մոսկվայում քննարկեցինք Հյուսիս-հարավ նախագիծը: Դրանից հետո դրական իրադարձություններ են տեղի ունեցել, դրա մասին կխոսենք։ Մենք վճռական ենք ընդլայնել միջանցքի ենթակառուցվածքն Ադրբեջանի տարածքում, թեև այն ֆիզիկապես գոյություն ունի, սակայն չի համապատասխանում մեր գործընկերների և հարևանների մտադրություններին՝ առավելագույնս օգտագործելու այս նախագիծը», – նշվում է Ալիևի խոսքում։
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հուլիսի 3-ին հայտնել է, որ ռուսական «Լուկօյլ», «Նովատեկ», «Տատնեֆտ» և «Սիբուր» ընկերությունները քննարկում են Ադրբեջանի հետ համատեղ էներգետիկ նախագծերը, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը: