2024 թվականի հունիսի 21-22-ն Ադրբեջանը Նախիջևանում անցկացրել է ազգագրական փառատոն-համագումար, որը կրում էր «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագիրը և հայկական մշակույթի յուրացման նպատակ ուներ, հայտնում է Monument watch-ը։
Փառատոնի յուրաքանչյուր տաղավար ներկայացնում էր հայկական մշակույթի բռնի յուրացման իր տարբերակը՝ ներառյալ բանահյուսությունն ու ազգագրական մշակույթը, ազգային խոհանոցն ու արհեստները։ Երկօրյա միջոցառումը դարձել է նաև Հայաստան (իրենց խոսքով՝ «Արևմտյան Ադրբեջան») վերադառնալու թեմայով սոցիալ-մշակութային քննարկումների հարթակ։
Կազմակերպիչների խոսքով՝ միջոցառման հիմնական նպատակն է աջակցել երկրի նախագահ Իլհամ Ալիևի քաղաքականությանը՝ վերականգնելու իրենց հայրենիքից հեռացած ադրբեջանցիների «պատմական իրավունքները»։
«Վերջին շրջանում Ադրբեջանը նպատակային արշավ է սկսել ՀՀ սուվերեն տարածքի դեմ և զանազան մշակութային միջոցառումներով փորձում է «լեգիտիմացնել» տարածքային նկրտումներն ու հայկական մշակութային ժառանգության յուրացման գործընթացին նոր ուղղություններ տալ՝ թիրախավորելով ոչ նյութական ժառանգությունը»,- շեշտում է Monument watch-ը։
Նշվում է, որ փառատոնի շրջանակներում ներկայացված տարբեր լուսանկարներով ու դեկորատիվ արվեստի առարկաներով ներկայացվել է ՀՀ քարտեզը՝ քաղաքների ու գյուղերի հնարած անուններով։ Փառատոնի շրջանակներում հայկական ու տարածաշրջանային մշակութային շատ դրսևորումներ ներկայացվել են որպես զուտ ադրբեջանական, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջան»-ին նվիրված բանահյուսության օրինակներ, համերգային ծրագիր, ֆիլմեր, գրականության նմուշներ և այլն։ Փառատոնի շրջանակներում ներկայացվել են նաև հայկական խոհանոցային ամենատարբեր ուտեստներ՝ «իրևանյան խոհանոց» անվան տակ՝ նկատի ունենալով ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը։
Monument watch-ը նշում է, որ փառատոնի «գիտական» քննարկումներում ներգրավված են եղել Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիան, Բաքվի պետական համալսարանը, Ադրբեջանի ազգային կոնսերվատորիան, Բաքվի ճարտարագիտական համալսարանը: Նպատակը՝ ապահովել գիտակրթական հանրույթի աջակցությունը «հինավուրց հայրենիք»՝ Արևմտյան Ադրբեջան վերադառնալու գործընթացը։
«Հայաթափման, հայերին իրենց պատմական հայրենիքում ցեղասպանելու և բռնի տեղահանության քաղաքականությանը զուգահեռ՝ Ադրբեջանը շարունակում է տարածքային, պատմական և մշակութային հավակնությունների քաղաքականությունը ՀՀ սուվերեն տարածքի, հայ ժողովրդի պատմական հայրենիքի և մշակութային ժառանգության նկատմամբ»,- եզրափակել է նախագիծը։
Այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի» համայնքը 2023 թվականի նոյեմբերին Նախիջևանում անցկացրել էր «Արևմտյան Ադրբեջանի» մասին փառատոն և այն անվանել քայլ դեպի «վերադարձ» ժամանակակից Հայաստանի տարածք։