Ադրբեջանի քաղաքացիների 84 տոկոսը կողմ է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելուն, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Սոցիալական հետազոտությունների կենտրոնին (CSR)։
Նշվում է, որ հարցումն անցկացվել է 2024 թվականի հունիսի 10-22-ը՝ Ադրբեջանի 12 տնտեսական շրջանում։ Մասնակցել է 18 տարեկան և բարձր 1152 քաղաքացի։
Հարցին՝ «աջակցո՞ւմ եք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը», հարցվածների 83.8%-ը պատասխանել է՝ «այո՛, կողմնակից եմ», 13.5%-ը՝ «ո՛չ, չեմ աջակցում», 2.7%-ը դժվարացել է կարծիք հայտնել։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հասարակությունն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
Հունիսի 7-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ պատրաստ է ինտենսիվ աշխատել համաձայնագրով չլուծված հարցերի պարզաբանման և մեկ ամսվա ընթացքում այն ստորագրելու ուղղությամբ։ Հունիսի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն «անհնար էր» անվանել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրն առանց Հայաստանի սահմանադրության փոփոխության։
Հունիսի 21-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ալիևի հետ հեռախոսազրույցում քննարկել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը և ընդգծել Հայաստանի հետ համաձայնագրի շուտափույթ կնքման անհրաժեշտությունը։