Թուրքիայի հեռարձակման կարգավորիչը չեղարկել է Açık Radyo-ի հեռարձակման լիցենզիան (թարգմանաբար՝ «Բաց ռադիո»)՝ եթերում Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների պատճառով, հայտնել է Turkish Minute-ը։
Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի անդամ Իլհան Թաշչին X-ում հայտարարել է, որ ռադիոկայանը զրկվել է լիցենզիայից՝ խախտելով հնգօրյա հեռարձակման արգելքը, որը սահմանվել էր «մարդկանց միջև ատելություն և թշնամանք հրահրելու» մեղադրանքով։ Նա նաև տուգանվել է 5800 դոլարով։ Ռադիոկայանը հայտարարել է կարգավորիչի որոշումը դատարանում վիճարկելու պլանների մասին:
Լիցենզիայի չեղարկման պատճառ է դարձել քաղաքագետ Ջենգիզ Աքթարի ելույթը ռադիոյով ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։
«Լրանում է 109 տարին Օսմանյան հողի վրա [հայերի] զանգվածային տեղահանությունից և ջարդից, որը որակվում է որպես ցեղասպանություն: Ինչպես գիտեք, այս տարի Հայոց ցեղասպանության հիշատակը հարգելը կրկին արգելվել է»,- ասել է նա։
Կարգավորողին զայրացրել է այն հանգամանքը, որ հաղորդավարը չի ուղղել քաղաքագետին «հեռարձակողի հանրային պարտքի և պատասխանատու հեռարձակման սկզբունքների համաձայն»։ Կայանը հայտարարել է, որ հարգում է խոսքի ազատությունը և բաց է մնում «աշխարհի բոլոր ձայների, գույների և թրթիռների համար»:
Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդում գերակշռում են երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամները, նշել է Turkish Minute-ը։ Կայքը հիշեցրել է, որ RSF մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Թուրքիան 180 երկրների մեջ զբաղեցնում է 158-րդ տեղը։
Այս տարի լրանում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Ապրիլի 23-ին Ստամբուլի իշխանությունները հայտարարել էին քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հանրային միջոցառման անցկացման արգելքի մասին։ Ապրիլի 24-ին Ստամբուլում Ցեղասպանության հիշատակին նվիրված ցույց էր անցկացրել քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցությունը։