ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խումբը պահանջում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին, հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։
«Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ՝ Ֆրենք Փալոունի, Գուս Բիլիրակիսի, Ադամ Շիֆի և Դեյվիդ Վալադաոյի համատեղ հայտարարությունը, որով Բայդենի վարչակազմին կոչ է արվում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Արցախի էթնիկ զտումների համար, նպաստել Արցախ հայերի վերադարձին և ադրբեջանական շարունակական ագրեսիայի պայմաններում աջակցել Հայաստանի ինքնիշխանությանը»,- ասված է հաղորդագրությունում:
Մեկնաբանելով կոնգրեսականների նախաձեռնությունը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ համայնքը, կոալիցիոն գործընկերները և Կոնգրեսի դաշնակիցները միավորված են Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու նպատակով՝ իր ռազմական հանցագործությունների համար՝ սկսած Ալիևի կողմից Արցախի էթնիկ զտումից և քրիստոնեական սրբավայրերի ոչնչացումից մինչև Հայաստանի տարածքի շարունակական օկուպացիան և հայ գերիների ապօրինի կալանավորումն ու բռնությունը։
«Նախագահ Բայդենը, ով զինեց Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպանությունը, այժմ պետք է ղեկավարի Արցախի հայերի անվտանգ և կայուն վերադարձի գլոբալ արշավը՝ միջազգային մանդատի ներքո, պաշտպանված միջազգային խաղաղապահների կողմից»,- ասել է Համբարյանը:
Կոնգրեսի հայկական հանձնախմբի հայտարարությունը, որը համընկնում է այս շաբաթ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի բացման հետ, կոչ է անում Բայդենի վարչակազմին «ապահովել, որպեսզի Ադրբեջանն առերեսվի իր գործողությունների հետևանքներին և չխրախուսվի ռազմական հանցագործությունների, մարդու իրավունքների ոտնահարման և Լեռնային Ղարաբաղից ավելի քան 120․000 հայերի էթնիկ զտման համար»:
Հստ հայտարարության՝ Ամերիկան պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանը և մերժի Ադրբեջանի ագրեսիվ պահանջները, ինչը նշանակում է՝ դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին և պատժամիջոցներ կիրառել չարաշահումների համար պատասխանատու պաշտոնյաների նկատմամբ։
«Քանի որ առաջնորդները հավաքվում են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, Բայդենի վարչակազմը պետք է երաշխավորի, որ Ադրբեջանը հետևի է միջազգային օրենքներին՝ ներառյալ հայ ռազմագերիների վերադարձը, մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանությունը և Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքը՝ միջազգային երաշխիքների ներքո։ Պատասխանատվությունը շատ կարևոր է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար»,- ասված է կոչում:
2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել է 223, վիրավորվել՝ 244 մարդ, գերեվարվել են 17-ը, անհետ կորել՝ 20-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։