Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի բացումը կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական քայլը, հայտնում է Անադոլու գործակալությունը։
Թուրքիայի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը կծառայի բոլոր կողմերի շահերին։ Մեկնաբանելով «Զանգեզուրի միջանցքի» բացումը՝ նա նշել է, որ միջանցքը ռազմավարական նշանակություն ունի, որը կբավարարի բոլոր կողմերի՝ հատկապես Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի շահերը։ Էրդողանը չի բացառել Հայաստանի հետ սահմանի բացումը։
«Ինչո՞ւ չդիտարկենք (սահմանի բացման-խմբ) հարցը։ Նախկինում մենք արդեն ամեն ինչ ասել ենք (ՀՀ վարչապետ Նիկոլ-խմբ) Փաշինյանին այս մասին։ Այժմ ամեն ինչ պետք է անենք խաղաղության համար։ Հուսով ենք, որ շուտով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն կհաստատվի։ Զանգեզուրի միջանցքի բացումը այս համաձայնագրի վերջնական քայլն է, ինչին Թուրքիան սրտանց աջակցում է։ Մենք ցանկանում ենք, որ այս ճանապարհին դրական որոշումներ կայացվեն առանց հապաղելու: Այժմ տարածաշրջանից դրական ազդանշաններ են գալիս, և մենք հուսով ենք, որ դրանք ի վերջո լավ նորություններ կբերեն»,- ասել է Էրդողանը։
Նա, պատասխանելով համապատասխան հարցին, նշել է, որ Զանգեզուրի միջանցքի հարցն Իրանի ընտրված նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ չի քննարկել։
Էրդողանը հայտնել է նաև, որ Թուրքիան կշարունակի ակտիվ քաղաքականություն վարել տարածաշրջանային և գլոբալ խնդիրների վերաբերյալ։