Այս տարվա հունվարին Իրանի Քերման քաղաքում իրականացված ահաբեկչական գործողության գլխավոր կազմակերպիչներից և ղեկավարներից Աբդուլլահ Քուվեյթին ձերբակալել են և տեղափոխել Իրան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ հղում անելով երկրի Հետախուզության նախարարությանը:
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Իրանում պայթյուն էր որոտացել գերեզմանատան մոտ, որտեղ թաղված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդսի ուժերի հրամանատար, իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին, զոհվել էր 89 մարդ: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել էր ԻՊ խմբավորումը։
«Վերջին շրջանում նախարարության կարևորագույն ձեռքբերումներից մեկն է Քերման քաղաքում ահաբեկչության գլխավոր կազմակերպիչներից և ղեկավարներից մեկի՝ Աբդուլլահ Քուվեյթի ձերբակալումն ու տեղափոխումը երկրի տարածք»,- ասված է նախարարության հայտարարության տեքստում:
Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ ձերբակալված անձից ստացված տվյալները կարևոր դեր են խաղացել այլ դավադրությունների բացահայտման, ինչպես նաև դրանց կազմակերպիչների և նրանց ապաստարանների բացահայտման գործում: