Ադրբեջանի իշխանություններն սկսել են լռեցնել Բաքվում կայանալիք կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի COP29 գագաթնաժողովի քննադատներին, գրում է PassBlue-ն։
Ըստ ամերիկյան հրատարակության՝ Բաքվի կողմից բնապահպանների նկատմամբ ճնշումները տարբերվում են համաժողովը հյուրընկալող նախորդ երկրների՝ ԱՄԷ-ի և Եգիպտոսի նմանատիպ մարտավարությունից։
«Առնվազն 25 լրագրող կալանավորվել է, որոնցից 6-ը փորձում էին լուսաբանել 2023 թվականի հունիսին գյուղացիների բողոքի ցույցը՝ ընդդեմ ոսկու արդյունահանող Anglo Asian Mining ընկերության կողմից մոտակայքում գտնվող պոչամբարի ընդլայնման: Տեղի բնակիչները կասկածում են, որ ջրամբարից արտանետվող թունավոր նյութերն աղտոտում են ջուրն ու հողը, ինչն ընկերությունը հերքում է։ Ընկերության իրանա-ամերիկյան գործադիր տնօրենը հայտնի է որպես նախագահ Իլհամ Ալիևի մտերիմ»,- ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է նաև, որ փետրվարին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների նախաշեմին Ադրբեջանում բանտարկված լրագրողների թիվն է՛լ ավելի է աճել։ Քաղաքացիական հասարակության հաշվարկներով՝ ավելի քան 300 քաղբանտարկյալ բանտում է։ Նրանց ընտանիքի անդամներից ոմանց ֆիզիկական բռնության են ենթարկել, իսկ մյուսների դրամական միջոցները սառեցվել են, ավելացրել է PassBlue-ն:
«Այս վերջին բռնաճնշումները կապված չեն ինչ-որ պատահական խնդիրների հետ, դա համակարգված ռեպրեսիա է, ադրբեջանական քննադատական հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին ոչնչացնելու ծրագիր»,- ասել է փաստաբան Սամադ Ռահիմլին:
PassBlue-ը հիշեցրել է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերին՝ երկար շրջափակումից հետո և ավելի քան 100 հազար հայերին հայրենիքից վտարելը։
Ադրբեջանի կառավարությունն օտարերկրյա լրագրողների համար ապրիլին ուղևորություն էր կազմակերպել Լեռնային Ղարաբաղ, որտեղ իշխանությունները ցուցադրել էին տարածաշրջանի զուտ զրոյական արտանետումների ծրագիրը:
«Դա ներառում էր քաղաքների քանդում և լանդշաֆտների վերափոխում՝ անհրաժեշտ օգտակար հանածոների արդյունահանման համար»,- ասվում է հրապարակման մեջ:
Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են COP29 Climate Justice Initiative-ի ներկայացուցիչ Անար Մամեդլիին՝ «մաքսանենգության» շինծու մեղադրանքով։ Մինչ կալանավորումը Մամեդլին Մարդու իրավունքների խորհրդի նիստում խոսել էր երկրում մարդու իրավունքների խախտումների մասին, պարզաբանել է հրատարակությունը։
PassBlue-ն նաև մատնանշել է ՄԱԿ-ի կլիմայական համաժողովի դրական ազդեցությունը Եգիպտոսի մարդու իրավունքների վիճակի վրա և նշել, որ COP29-ը «կարող է օգնել ավելի շատ լույս սփռել Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության վրա»: 2022 թվականին Եգիպտոսն ստեղծել էր «Ոչ կլիմայական արդարություն առանց մարդու իրավունքների» կարգախոսը, որն այդ ժամանակվանից սովորական է դարձել կլիմայական միջազգային իրադարձությունների համար, եզրակացրել են հեղինակները:
2023 թվականի դեկտեմբերին Հայաստանն աջակցություն էր հայտնել COP29 համաժողովն ընդունելու Ադրբեջանի դիմումին։ The Guardian-ն ավելի ուշ կանխատեսել էր կլիմայի ակտիվիստների դժգոհությունն Ադրբեջանում կլիմայի փոփոխության համաժողովի անցկացման կապակցությամբ, ինչպես նաև հայտարարել Ադրբեջանում գազի արդյունահանման ծավալների աճից բնապահպանների դժգոհության մասին։ Դեկտեմբերին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և ֆրանսիացի մի շարք քաղաքական գործիչներ դեմ էին արտահայտվել 2024 թվականին Բաքվում COP29-ի անցկացմանը։