ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ֆրանսիայի կողմից Հայաստանին ուղղված աջակցության շարունակության դեպքում Ադրբեջանը պատերազմով է սպառնացել։ Ադրբեջանի ՊՆ-ն երկրների որոշումներն «իր դեմ նախապատրաստվող պատերազմի» քայլեր է որակել ու սպառնացել, որ «ինքնապաշտպանական միջոցներ կձեռնարկի»։
«ԱՄՆ-ի կողմից Հայաստանում անցկացված զորավարժությունները, Ֆրանսիայի կողմից Հայաստանին մահաբեր զենքով զինելը և Եվրոպական միության կողմից Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի քողի տակ 10 միլիոն եվրոյի չափով ռազմական օգնություն ցուցաբերելը վկայում են Ադրբեջանի դեմ հերթական պատերազմին նախապատրաստվելու մասին»,- ընդգծել են Ադրբեջանի ՊՆ-ում։
Ադրբեջանը զգուշացրել է Հայաստանին աջակցություն ցուցաբերած երկրներին՝ հորդորելով զերծ մնալ «Հարավային Կովկասում պատերազմի նոր օջախ ստեղծելու մտադրությունից»:
«Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ զգուշացնում է Հայաստանին և նրա հովանավորներին՝ զերծ մնալ Հարավային Կովկասում պատերազմի նոր օջախ ստեղծելու մտադրությունից: Եթե մեր երկրի դեմ նման սադրիչ գործողությունները չդադարեցվեն, ապա պատասխան միջոցներ կձեռնարկվեն ինքնապաշտպանության նպատակով՝ օգտագործելով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինանոցում առկա բոլոր միջոցները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հուլիսի 22-ի նիստում ԵՄ Խորհուրդը որոշել է 10 մլն եվրո հատկացնել ՀՀ զինված ուժերի նյութատեխնիկական ներուժի ամրապնդման և ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում քաղաքացիական բնակչության պաշտպանության բարելավմանը նպաստելու համար: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ որոշումները պատմական է անվանել: