Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը բացառել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրումը, սակայն մատնանշել է երկրների միջև խաղաղության հասնելու դժվարությունները։
«Մեր բազային սցենարը չի ներառում հակամարտության սրում՝ չնայած այն հանգամանքին, որ ադրբեջանական զորքերը մնում են Հայաստանի տարածքում և տեղի է ունենում փոխհրաձգություն»,- ասվում է գործակալության վերլուծության մեջ:
Fitch-ը նշել է, որ խաղաղության հասնելը բարդանում է Հայաստանով միջանցք բացելու Բաքվի պահանջներով և Հայաստանի սահմանադրության փոփոխություններով, որոնց շուրջ դժվար է համաձայնության գալ։
Հունիսի 19-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ադրբեջանը մտադիր է նոր ագրեսիա սկսել նոյեմբերին Բաքվում կայանալիք կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի COP29 գագաթնաժողովից հետո։ Հուլիսի 25-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն սպառնացել էր Հայաստանին պատերազմով, եթե Ֆրանսիան և ԱՄՆ-ն շարունակեն ռազմական օգնությունը Երևանին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ԱՄՆ զորավարժությունները, Փարիզի կողմից զենքի մատակարարումը և ԵՄ ռազմական օգնության տրամադրումը Հայաստանի սադրանքների «ներշնչանք» և Ադրբեջանի դեմ պատերազմի նախապատրաստման «վկայություն» է անվանել։