Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին պաշտոնապես հաստատել է Մասուդ Փեզեշքիանին Իրանի նախագահի պաշտոնում, հայտնում է Tasnim-ը։
Արարողության ընթացքում հոգևոր առաջնորդը հաստատել է նորընտիր նախագահի լիազորությունները ստանձնելու հրամանագիրը։ Փեզեշքիանը կպաշտոնավարի չորս տարի ժամկետով: Իրանի նոր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 30-ին՝ երկրի խորհրդարանում, որտեղ Փեզեշքիանը հրապարակային երդում կտա:
Գործակալությունը նշում է, որ Իրանի օրենսդրության համաձայն՝ երդմնակալությունից հետո երկու շաբաթվա ընթացքում նոր նախագահը պետք է ներկայացնի իր ծրագիրն ու նախարարների թեկնածությունները: Պատգամավորները մեկ շաբաթվա ընթացքում կքննարկեն առաջարկված նախարարների լիազորությունները, այնուհետև կանցկացնեն վստահության քվեի եզրափակիչ նիստը:
Փեզեշքիանը հաղթանակ էր տարել Իրանի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում: Քվեարկությունը նշանակվել էր մայիսի 19-ին՝ այդ պաշտոնը զբաղեցրած Էբրահիմ Ռայիսիի՝ ավիավթարի ժամանակ զոհվելուց հետո:
Նա ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 29-ին Արևմտյան Ադրբեջանում՝ էթնիկ ադրբեջանցիների ընտանիքում։ Սրտի վիրաբույժ է, պրոֆեսոր: 2016-2020 թվականներին զբաղեցրել Է Իրանի խորհրդարանի խոսնակի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2001-2005 թվականներին եղել է Մոհամմադ Խաթամիի կառավարության առողջապահության և բժշկական կրթության նախարարը: