Իրանը միջազգային պայմանագրերի և օրենքների շրջանակներում երբեք չի լռելու իր շահերի և անվտանգության խախտման պայմաններում, Tasnim-ի փոխանցմամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում հայտնել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Սիոնիստական վարչակարգը ձգտում է հրդեհ հրահրել տարածաշրջանում: Դատապարտելու փոխարեն Ամերիկան և արևմտյան երկրներն աջակցեցին այս ռեժիմին հանցագործությունների, ցեղասպանության և ահաբեկչության հարցերում։ Եթե Ամերիկան և Արևմուտքի երկրներն իսկապես ցանկանում են կանխել պատերազմը տարածաշրջանում, ապա պետք է այդ ռեժիմին ստիպեն դադարեցնել ցեղասպանությունն ու հարձակումները Գազայի հատվածի վրա»,- ասել է Իրանի նախագահը։
Տարածաշրջանում իրադրությունը սրվել էր հուլիսի 30-ին` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո: Իրանը հայտարարել էր պատասխան քայլեր ձեռնարկելու մասին։ ԶԼՄ-ների տվյալներով՝ ԱՄՆ վարչակազմը մտահոգված է, որ Հանիայի սպանությունը կարող է մեծացնել տարածաշրջանային պատերազմի վտանգը։ Tհe New York Times–ը հաղորդել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Հանիայի սպանության: