Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկրի խորհրդարանին է ներկայացրել իր կաբինետի նախարարների պաշտոնների թեկնածուների ցուցակը, հաղորդում է IRNA-ն:
Մասնավորապես, Իրանի ԱԳ նախարարի պաշտոնում առաջադրվել է Աբբաս Արաղչիի թեկնածությունը։ Ռեֆորմիստ Հասան Ռոհանիի նախագահության օրոք Արաղչին հանդիսացել է Իրանի պատվիրակության ղեկավարը միջուկային գործարքի շուրջ բանակցություններում: 2017-21 թվականներին նա զբաղեցրել է Իրանի փոխարտգործնախարարի պաշտոնը։
Պաշտպանության նախարարի պաշտոնում առաջադրվել է Ազիզ Նասիրզադեի թեկնածությունը: Ներկայումս նա զբաղեցնում է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը։ 2018-21 թվականներին Նասիրզադեն հանդիսացել է Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատարը։
Իրանի հետախուզության նախարարի պաշտոնում առաջարկվել է Էսմայիլ Խաթիբի թեկնածությունը։ Նա այդ պաշտոնն զբաղեցնում է նաև ներկայումս: Բացի այդ, Նավթային արդյունաբերության նախարարի պաշտոնում առաջադրվել է Մոհսեն Պակնեժադի, Էներգետիկայի նախարարի պաշտոնում՝ Աբբաս Ալիաբադիի թեկնածությունը։ Աբդոլնասեր Հեմմատիի թեկնածությունն առաջադրվել է Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի պաշտոնում: Բոլոր թեկնածությունները պետք է հաստատվեն Իրանի խորհրդարանի կողմից։ Խորհրդարանում թեկնածությունների քննարկումը կմեկնարկի օգոստոսի 17-ին:
Փեզեշքիանը հաղթանակ էր տարել Իրանի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում: Քվեարկությունը նշանակվել էր մայիսի 19-ին՝ այդ պաշտոնն զբաղեցրած Էբրահիմ Ռայիսիի՝ ավիավթարի ժամանակ զոհվելուց հետո: