Աբբաս Արաղչին շուտով Իրանի ԱԳՆ նոր ղեկավար կդառնա, Իրանի խորհրդարանի հանձնաժողովը ԻՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում հաստատել է նրա թեկնածությունը, գրում է Vestikavkaza.ru-ն՝ հղում անելով իրանական մամուլին։
Նախարարի պաշտոնում նրա թեկնածությունը հաստատել է խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը: Արաղչին կգլխավորի նախարարությունն այն բանից հետո, երբ խորհրդարանի պատգամավորները նրան վստահության քվե կհայտնեն։
Արաղչին հայտնի է որպես հմուտ դիվանագետ և տաղանդավոր բանակցող, նա առանցքային դեր է խաղացել 2015 թվականին Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքման գործում: Նա ծնվել է 1962 թվականի դեկտեմբերի 5-ին՝ Թեհրանում։ Կրթություն է ստացել դիվանագիտության բնագավառում, ինչը կանխորոշել է նրա կարիերայի ուղին: 1989 թվականին սկսել է աշխատել Իրանի ԱԳՆ-ում, որտեղ նրա պրոֆեսիոնալիզմն ու նվիրվածությունն արագորեն ուշադրություն են գրավել։
2013 թվականից զբաղեցրել է Արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը և գլխավորել իրանական պատվիրակությունը միջուկային ծրագրի շուրջ միջազգային միջնորդների վեցնյակի (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) բանակցություններում: Արաղչիի՝ Իրանի շահերը պաշտպանելու ունակությունը և նրա դիվանագիտական մոտեցումը նպաստել են համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (ԳՀՀԾ) կնքմանը։ Այդ համաձայնագիրը կարևոր քայլ էր Իրանի միջազգային հարաբերությունների կարգավորման գործում:
Օգոստոսի 11-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկրի խորհրդարանին էր ներկայացրել իր կաբինետի նախարարների պաշտոնների թեկնածուների ցուցակը։ Փեզեշքիանը հաղթանակ էր տարել Իրանի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում: Քվեարկությունը նշանակվել էր մայիսի 19-ին՝ այդ պաշտոնն զբաղեցրած Էբրահիմ Ռայիսիի՝ ավիավթարի հետևանքով զոհվելուց հետո: