Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Հարավային Կովկասում անդրսահմանային երթուղիների ապաշրջափակմանն ու հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային աջակցելու Մոսկվայի պատրաստակամության մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք նաև պատրաստ ենք աջակցել սահմանազատմանը և սահմանագծմանը՝ նկատի ունենալով դեռևս Խորհրդային Միության ժամանակներից մեզ մոտ համապատասխան փաստաթղթերի առկայությունը, անդրսահմանային երթուղիների ապաշրջափակումը, հումանիտար շփումների հաստատումը»,- ասել Է Պուտինը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո նա նաև հայտարարել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը նպաստելու Մոսկվայի ծրագրերի մասին:
Մայիսին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Մուրատ Նուրթլեուի և Ջեյհուն Բայրամովի հետ Ալմաթիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ առաջարկել էր չսահմանափակվել Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ և սկսել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը: