Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսն արձագանքել է Ադրբեջանի կողմից վեհաժողովի որոշ պատգամավորների «անցանկալի անձանց» ցուցակում ընդգրկելուն։
«Սա ավելի քան ցավալի ազդանշան է, որը միայն բարդացնում է Ադրբեջանի ներկայիս դիրքորոշումը Եվրոպայի խորհրդում։ Անդամ պետությունները պարտավորվում են պահպանել ժողովրդավարական չափանիշները. իրենց խղճով քվեարկածներին սև ցուցակում ներառելը միայն հակառակ արդյունք կարող է ունենալ»,- ասել է նա։
Ավելի վաղ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակությանը դեմ քվեարկած խորհրդարանականներին Բաքուն Ադրբեջանի «անցանկալի անձանց» ցուցակում էր ընդգրկել։ Հունվարին ԵԽԽՎ-ում վիճարկվել էին Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։