Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը բացառել է, որ մայիսի 19-ին Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի վթարը տեղի է ունեցել հրթիռի, էլեկտրոնային պատերազմի, էլեկտրամագնիսական կամ լազերային զենքի հետևանքով, հատնում է ՏԱՍՍ-ը։
«Ուղղաթիռի կործանման հիմնական պատճառ են հանդիսացել գարնանը տարածաշրջանի բարդ բնակլիմայական պայմանները, այն է՝ վեր բարձրանալիս մառախուղի թանձր զանգվածի հանկարծակի առաջացումը և ուղղաթիռի բախումը լեռան հետ»,- նշվում է Իրանի ԶՈւ հրապարակած փաստաթղթում։
Նշվում է, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքում զոհերի մարմիններում «կասկածելի նյութեր» չեն հայտնաբերվել։ Բացի այդ, փորձագետներն ուսումնասիրել են ուղղաթիռի տեխնիկական վիճակին վերաբերող բոլոր փաստաթղթերը և եկել եզրակացության, որ այն վերանորոգվել և ստուգվել է սահմանված կանոնակարգի համաձայն։ Օդաչուները դուրս են եկել նախապես որոշված երթուղի և չեն շեղվել տվյալ ուղուց։
Օգոստոսի 21-ին Reuters գործակալությունը հայտնել էր ուղղաթիռի կործանման երկու պատճառ՝ եղանակային ոչ բարենպաստ պայմանները, ինչպես նաև մարդկանց թվի գերազանցումը, ինչը հանգեցրել էր ուղղաթիռի` լեռան հետ բախմանը։
Իրանի կառավարությունը հաստատել էր մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության, այդ թվում՝ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի զոհվելու լուրը։
Մայիսին Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել էր, որ «կործանված ուղղաթիռի վրա փամփուշտների կամ նմանատիպ միջոցների հետքեր չեն հայտնաբերվել»։