Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկիրը նախագահ չունի, տեղեկացնում է News Georgia-ն։
Այսպես է նա մեկնաբանել Զուրաբիշվիլիի ելույթը, որում նա արտաքին քաղաքական կուրսը փոխելու համար քննադատել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը՝ այն անվանելով «մղձավանջ»։
Կոբախիձեի խոսքով՝ «մղձավանջը» գործակալական տերմին է, և հենց գործակալներն են օգտագործում այն՝ «Վրացական երազանք»-ի մասին խոսելիս:
«Սալոմե Զուրաբիշվիլիին խորհուրդ չեմ տա ապագայում խոսել ճիշտ այնպես, ինչպես մյուս գործակալները»,- ասել է Կոբախիձեն։
Ըստ Կոբախիձեի՝ Զուրաբիշվիլին, իրականում, Վրաստանի նախագահը չէ և խախտել է Սահմանադրությունը։
«Նա նախագահ չէ: Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահը չէ։ Նա ինքն է ճանաչել Սահմանադրական դատարանի օրինականությունը, երբ հայց է ներկայացրել դատարան»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը։
2023 թվականին Զուրաբիշվիլին մի քանի արտասահմանյան այցեր էր կատարել՝ առանց կառավարության ղեկավարի համաձայնության։ Սահմանադրությունը թույլ է տալիս Վրաստանի նախագահին արտաքին քաղաքականության մեջ ներկայացուցչական գործառույթներ իրականացնել միայն վարչապետի համաձայնությամբ։ Ավելի վաղ Զուրաբիշվիլին հայց էր ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ընդդեմ խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի։