Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն նամակ է հղել ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ վրդովմունք հայտնելով Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի՝ Արցախի Անկախության օրվան նվիրված ուղերձի կապակցությամբ, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Բյուլբյուլօղլուն նշել է, որ Զատուլինի քայլերը խաթարում են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները, անտեսում են Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը և հակասում են Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ջանքերին։
«Ինչպես գիտեք, մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ֆոնին, հատկապես՝ նախագահ Վլադիմիր Պուտինի Ադրբեջան կատարած պետական այցից հետո, կողմերը վերահաստատեցին համագործակցության բարձր մակարդակը։ ՌԴ ղեկավարը նաև պատրաստակամություն հայտնեց օգնել Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության, անվտանգության և կայունության հաստատմանը, սակայն Զոտւլինի գործողությունները, ով դեմ է իր երկրի պաշտոնական դիրքորոշմանը, վկայում է նրա անհամաձայնության և պետության ղեկավարի պաշտոնի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին»,- գրել է Ադրբեջանի դեսպանը։
Բյուլբյուլօղլուն իր նամակում հորդորել է «կարգի հրավիրել» Զատուլինին և նրա քայլերը որակել է «սադրիչ», որը խանգարում է երկու երկրների դաշնակցային հարաբերություններին։
Սեպտեմբերի 2-ին Զատուլինն աջակցություն էր հայտնել Բաքվում պահվող Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և այլոց։ Ռուս պատգամավորը ցավակցություն էր հայտնել 2020-2023 թվականների իրադարձությունների հետևանքով հայրենիքը կորցրած արցախցիներին, ովքեր լքել են այն հողերը, որոնց վրա ապրել են իրենց նախնիները և ծնվել են նրանց երեխաները։
Սեպտեմբերի 2-ն Արցախի Անկախության օրն է։ 33 տարի առաջ՝ սեպտեմբերի 2-ին, Արցախը հռչակել էր իր անկախությունը Խորհրդային Միությունից:
2024-ին հայ ժողովուրդն Արցախի Անկախության օրը նշում է ԼՂ-ից հեռու։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել՝ 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի է ժամանել ՀՀ։ Արցախն օկուպացնելուց հետո Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը։