Ադրբեջանը շարունակում է ակտիվորեն զենք և ռազմական տեխնիկա գնել Իսրայելից, հայտնում է վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանը։
«Նոր բեռն օդ է բարձրացել Ուվդա ավիաբազայից (Իսրայել) և արդեն վայրէջք է կատարել Ադրբեջանում։ Ակտիվորեն շարունակվում է Ադրբեջանի և Հարավային Կովկասի ռազմականացումը»,- գրել է Մելքոնյանը։
Օգոստոսի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը հետախուզական տվյալներ ունի այն մասին, որ Ադրբեջանը զենք է ձեռք բերում Իտալիայից, Պակիստանից, Սլովակիայից, Սերբիայից, Բուլղարիայից, Իսրայելից։ «Մենք բոլոր տվյալները գիտենք, ստանում ենք հետախուզական ճանապարհով»,- ասել էր Փաշինյանը՝ նշելով, որ Բաքուն Հայաստանին մեղադրում է սպառազինվելու համար՝ իր սպառազինվելու փաստը քողարկելու նպատակով։
Ըստ Ստոկհոլմի խաղաղության հետազոտական ինստիտուտի (SIPRI) տվյալների՝ 2023 թվականին Հայաստանի ռազմական ծախսերը կազմել են ավելի քան 1 մլրդ 329 մլն դոլար՝ 2022 թվականի 795 մլն դոլարի դիմաց։ Ադրբեջանի ռազմական ծախսերը, ըստ ինստիտուտի, անցյալ տարի աճել են մինչև 3 միլիարդ 561 միլիոն դոլար (ՀՆԱ-ի 4,6 տոկոսը)՝ 2022 թվականի 2 միլիարդ 991 միլիոն դոլարի (3,8 տոկոսի) դիմաց: