Մոսկվան և Կիևը Բաքվի միջոցով բանակցում են Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը շարունակելու և Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարման շուրջ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ռուսաստանը, Ուկրաինան և եվրոպական կառույցները մեզ են դիմել Ուկրաինայի տարածքով գազի տարանցման շարունակման հետ կապված։ Մենք մի քանի ամիս է, ինչ մեծ ջանքեր ենք գործադրում ընդհանուր հայտարարի գալու համար»,- Ալիևի խոսքերն են մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցները։
Ալիևի խոսքով՝ ադրբեջանական կողմը բանակցությունների վերաբերյալ «որոշակի լավատեսություն ունի»։
«Այժմ, փաստորեն, Ադրբեջանի միջոցով երկու երկրներն էլ բանակցություններ են վարում ռուսական գազի տարանցումը շարունակելու և Ռուսաստանի ու Ուկրաինայի տարածքով ադրբեջանական գազը Եվրոպա մատակարարելու շուրջ»,- ասել է նա։
Ուկրաինայի տարածքով Եվրոպա ռուսական գազի տարանցման պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի վերջին։ Կիևն ավելի վաղ հայտարարել էր, որ չի երկարաձգելու համաձայնագիրը։ «ՌԲԿ»-ի փոխանցմամբ՝ հունիսին Bloomberg-ը հայտնել էր, որ եվրոպական երկրները քննարկում են Ռուսաստանից մատակարարումների հարցը։ Որպես տարբերակ՝ նշվում էր ռուսական խողովակաշարերով Ադրբեջանից գնված գազի տեղափոխումը Եվրոպա։
Հետխորհրդային տարածքի փորձագետ Կիրիլ Կրիվոշեևը, օգոստոսի 23-ին Armenia Today-ին մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարած այցի արդյունքները, բանակցությունների հնարավոր թեմաների շարքում ընդգծել էր այն վարկածը, որ Ադրբեջանը կարող է միջնորդ հանդիսանալ Ռուսաստանի և եվրոպական երկրների միջև Ուկրաինայի տարածքով գազի մատակարարման պայմանագիր կնքելու հարցում։ Ըստ նրա՝ այս տարբերակով եվրոպական երկրները պայմանագիր կկնքեն Բաքվի հետ, ապա ադրբեջանական կողմը փոխադարձ կարգավորումներ կիրականացնի Ռուսաստանի հետ։