Հայաստանի տարածքով «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու Ռուսաստանի ցանկությունը «թիկունքից հարված» է և «միանգամայն անընդունելի» Իրանի համար, Tasnim-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի խորհրդարանի անդամ Ֆադահոսեյն Մալեքին։
Խորհրդարանականը, ով Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ է, Ռուսաստանի քաղաքականությունն Իրանի նկատմամբ «հակասական» է անվանել՝ պնդելով Ռուսաստանի «երկակի ստանդարտները» տարածաշրջանային հարցերում։ Նրա խոսքով՝ Իրանն ակնկալում է, որ Մոսկվան Թեհրանի հետ հարաբերություններում կխուսափի «պարադոքսալ պահվածքից»։
«Իրանի դիվանագիտությունը վճռական պատասխան կտա ՌԴ նախագահի՝ Զանգեզուրի միջանցքին աջակցելու վերջին դիրքորոշմանը»,- հավելել է պատգամավորը՝ ընդգծելով, որ Իրանի ազգային շահերը նրա կարմիր գիծն են, որը չի կարող անցնել որևէ սպառնալիքով։ Մալեքին ասել է, որ Թեհրանը «վճռականորեն կարձագանքի մարգինալացման կամ իր սահմանները վտանգի ենթարկելու դեպքում»:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը «կոշտ պատասխան է ստացել Իրանից Պարսից ծոցի երեք իրանական կղզիների նկատմամբ իր դիրքորոշման վերաբերյալ, սակայն կրկնում է նույն պահվածքը Զանգեզուրի միջանցքի հարցում»։
Օգոստոսի 19-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Երևանը սաբոտաժի է ենթարկում Հայաստանի Սյունիքի մարզով կոմունիկացիաների մասին ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները։
Սեպտեմբերի 3-ին Իրանի արտգործնախարարի օգնական և Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն երկրում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովի հետ հանդիպմանը դեմ էր արտահայտվել կովկասյան տարածաշրջանում միջազգայնորեն ճանաչված սահմանների և աշխարհաքաղաքական ստատուս քվոյի ցանկացած փոփոխության։ Սեպտեմբերի 5-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ հարևանների տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած վտանգ կամ սահմանների վերագծում Իրանի համար կարմիր գիծ է։
2023 թվականի դեկտեմբերին Իրանի ԱԳՆ-ն կանչել էր Թեհրանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ռուս-արաբական համագործակցության ֆորումի (ՌՀՖՀ) VI նիստի մասնակիցների վերջնական հայտարարության կապակցությամբ։ Դիվանագետին բողոքի նոտա էր հանձնվել, քանի որ ֆորումի հայտարարության մեջ հիշատակվում էր Պարսից ծոցում գտնվող երեք կղզիների պատկանելիության հարցը, որոնք տարածքային վեճի առարկա են Իրանի և ԱՄԷ-ի միջև։