Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի նախագծի՝ արդեն համաձայնեցված հոդվածներն ստորագրելու մասին Երևանի առաջարկն «ընդունելի համարվել չի կարող»։ Ըստ գերատեսչության՝ «խաղաղության պայմանագիրը կայուն և հաջող կլինի, եթե նախագիծը հստակեցնի մի շարք ոլորտներում երկու երկրների միջև խնդրահարույց հարցերը»։
Բաքուն կրկնել է, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Հայաստանն «առաջին հերթին պետք է համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ»։
Գերատեսչությունը մեկնաբանել է նաև Երևանի առաջարկը՝ հաղորդակցության ուղիների անվտանգության ապահովման գործում ներգրավել մասնավոր ընկերություն։ Բաքուն հայտարարել է, որ Ադրբեջանը «երբեք չի քննարկել գործընթացին իր տարածքում երրորդ կողմ ներգրավելու հարցը»։
Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի 16 հոդվածից 13-ն ամբողջապես համաձայնեցված է, 3-ը՝ մասնակի է համաձայնեցված։ Նրա խոսքով՝ հայկական կողմը պատրաստ է օր առաջ արդեն համաձայնեցված տեքստը ստորագրել, քանի որ «մեկ պայմանագրով բոլոր հարցերը հնարավոր չի լինի կարգավորել»։