ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու կարևորությունը, հայտնում է Պետքարտուղարության մամուլի ծառայությունը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն կշարունակի ջանքեր գործադրել այդ նպատակին հասնելու համար։ Բլինքենը ողջունել է կողմերի միջև վերջին առաջընթացը, ներառյալ՝ սահմանների սահմանազատման կարգավորման շուրջ համաձայնությունը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ալիևը նշել է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողն Ադրբեջանն է։ Նա նաև կրկնել է Հայաստանի սահմանադրությունը փոխելու, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին ադրբեջանական կողմի պահանջները։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև Ադրբեջանում COP29-ի անցկացման հարցը։
Սեպտեմբերի 12-ին ԱՄՆ պետքարտուղարը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել էր Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր։ Բլինքենն առաջընթաց էր անվանել Երևանի և Բաքվի միջև սահմանների սահմանազատման հանձնաժողովների կարգավորման վերաբերյալ համաձայնագիրը։
Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 5-ին հաստատել էր Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։ Սեպտեմբերի 24-ին ՍԴ-ն կքննարկի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը երկրի Սահմանադրությանը համապատասխանելու հարցը, որից հետո կանոնակարգը կդրվի խորհրդարանի օրակարգ։