Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը կնպաստի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, ասել է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը, տեղեկանում ենք թուրքական ԶԼՄ-ներից։
Նրա խոսքով՝ համաձայնագիրը կբերի նաև Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Եվրոպայի միջև կապերի ամրապնդմանը։ Բաքվի անվտանգության համաժողովի ժամանակ թուրքական հետախուզության ղեկավարն ընդգծել է Երևանի հետ խաղաղության կարևորությունը տարածաշրջանային կայունության համար։
Օգոստոսի 7-ին Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր Երևանի և Բաքվի միջև համաձայնության մասին՝ խաղաղ բանակցություններում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացման քննարկումը հետաձգելու վերաբերյալ։
Սեպտեմբերի 9-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր խաղաղության պայմանագրի 16 հոդվածներից 13-ի վերաբերյալ համաձայնության մասին։ Նա ընդգծել էր, որ միջանցքի ստեղծումը և դրա նկատմամբ վերահսկողությունը որևէ այլ կողմի հանձնելը չի քննարկվում։