Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Թեհրանում իր իրանցի գործընկեր Ալի Աքբար Ահմադիանի հետ հանդիպմանը վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանի հետ միջանցքների և տրանսպորտային ուղիների վերաբերյալ Թեհրանի քաղաքականությանը, հայտնում է IRNA-ն:
Շոյգուն հանդիպել է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ՝ փոխանցելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը և տեղեկացրել կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։
Օգոստոսի 19-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Երևանը սաբոտաժի է ենթարկում Հայաստանի Սյունիքի մարզով կոմունիկացիաների մասին ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները։
Սեպտեմբերի 3-ին Իրանի արտգործնախարարի օգնական և Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն երկրում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովի հետ հանդիպմանը դեմ էր արտահայտվել կովկասյան տարածաշրջանում միջազգայնորեն ճանաչված սահմանների և աշխարհաքաղաքական ստատուս քվոյի ցանկացած փոփոխության։
Սեպտեմբերի 5-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ հարևանների տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած վտանգ կամ սահմանների վերագծում Իրանի համար կարմիր գիծ է։ Սեպտեմբերի 8-ին Իրանի խորհրդարանի պատգամավոր Ֆադահոսեյն Մալեքին հայտարարել էր, որ Հայաստանի տարածքով «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու Ռուսաստանի ցանկությունը «թիկունքից հարված» է և «միանգամայն անընդունելի» Իրանի համար։