Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահներ Ալեն Սիմոնյանը և Սահիբա Գաֆարովան հոկտեմբերին Ժնևում կայանալիք Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Միջխորհրդարանական միության մամուլի քարտուղար Թոմաս Ֆիցսիմոնսին։
«Հոկտեմբերի 13-17-ը Ժնևում Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների երկկողմ հանդիպումը տեղի կունենա երրորդ անգամ։ Անհայտ է, որ նրանց հանդիպումը նպատակ ունի տարածաշրջանում խաղաղության ջանքերում ներդնել խորհրդարանական դիվանագիտության տարրը»,- ասել է նա:
Երկու երկրների օրենսդիր մարմինների ղեկավարները վերջին անգամ հանդիպել էին մայիսի 16-ին՝ Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի շրջանակում։
Հուլիսի 8-ին ՀՀ ԱԺ-ից Armenia Today-ին հայտնել էին, որ Սիմոնյանը հոկտեմբերին Ժնևում կհանդիպի ադրբեջանցի գործընկերոջ հետ։
Սիմոնյանի ու Գաֆարովայի առաջին հանդիպումը կայացել էր Ժնևում անցկացվող Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում։ Կողմերը քննարկել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին երկու երկրների խորհրդարանների հնարավոր աջակցությունը:
Երկրորդ անգամ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվում էր Ժնևում՝ խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական նիստին, որի շրջանակում հանդիպել էր ադրբեջանցի գործընկերոջ հետ։