Ադրբեջանը շարունակում է բանակցությունները Թուրքիայի հետ՝ մշակման փուլում գտնվող թուրքական Kaan հինգերորդ սերնդի կործանիչների մատակարարման շուրջ։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է թուրքական TUSAŞ օդատիեզերական ընկերության գլխավոր տնօրեն Մեհմեդ Դեմիրօղլուն։
Նրա խոսքով՝ «այս նախագիծը սկզբնական փուլում է, ուստի դժվար է դրա մասին կոնկրետ ինչ-որ բան ասել»։ Նա հավելել է, որ նախագիծը նախատեսվում է շարունակել մինչեւ 2030 թվականը։ Դեմիրօղլուն հայտարարել է նաև Ադրբեջանի ռազմաօդային ուժերի Սու-25 գրոհային ինքնաթիռների արդիականացման նախագծի առաջին փուլի ավարտի մասին, որն իրականացվում է TUSAŞ-ի հետ համատեղ։
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ Բաքվում ընթացող ADEX պաշտպանական ցուցահանդեսի շրջանակներում բանակցություններ են տեղի ունեցել Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի և նրա թուրք գործընկեր Յաշար Գյուլերի միջև։ Հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարը և զինված ուժերի հրամանատարներ։
Հասանովը հանդիպել է նաև Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի ղեկավար Հալուք Գյորգյունի հետ։ Բանակցություններին մասնակցել են Թուրքիայի մի քանի առաջատար ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարներ։ Նշվում է, որ երկու հանդիպումների արդյունքում ստորագրվել են ռազմատեխնիկական համագործակցության մի քանի պայմանագրեր։