ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ հանդիպմանը ողջունել է երկու երկրների շարունակական առաջընթացը՝ հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու ճանապարհին, հայտնում է Պետքարտուղարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ Բլինքենը գովելի է համարել այն առաջընթացը, որին «Հայաստանը և Ադրբեջանը հասել են կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ»։
Պետքարտուղարն ընդգծել է, որ խաղաղության համաձայնագիրը տարածաշրջանին կբերի կայունություն և բարեկեցություն։
ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Միրզոյանն ու Բայրամովը պայմանավորվել են ջանքեր ներդնել սեղմ ժամկետում խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ։